ԱԿՆՀԱՅՏ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով բազմաթիվ բարձրաստիճան ոստիկանների անուններ շոշափվեցին։ «Թացը չորի հետ խառնելու» սկզբունքով վերջին շրջանում այդ ամենի մեջ փորձ է արվում ներքաշել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ, գեներալ-մայոր ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ։ Որոշ մանրամասներ փորձեցինք ճշտել պարոն Համբարձումյանից։ «Հակիրճ մեկնաբանեմ. շատ պրիմիտիվ խարդավանք է։ Եթե «Լեզվի մասին» օրենքն ինձ չխանգարեր, կօգտագործեի ռուսերեն համարժեքը (նկատի ունի «մուտիլովկա» բառը-Ռ. Խ.), որն առավել ընդգրկուն ու ամբողջական է ներկայացնում մամուլում նշված «աղբյուրի» վարքն ու էությունը»,- նշեց գեներալ-մայորը` հաճելիորեն զարմացնելով մեզ իր բարեհամբույր պատրաստակամությամբ և նույնքան բարեկիրթ պատասխանով։ Չմոռանանք, որ ոստիկանության որևէ պաշտոնյայից ինչ-որ բան ճշտելը հանդիպում է, մեղմ ասած, կոպիտ հակադարձման։
Փորձեցինք Գագիկ Համբարձումյանից նաև պարզել` ո՞ւմ «ականջներն» է տեսնում այս ամենի հետևում։ «Հնարավոր է` ինչ-որ մեկի «ականջները» երևան, բայց դա սենյակի այն պատուհանը չէ, որից դուրս կարող ենք նայել։ Ես այդ «աղբյուրների» մակարդակին չեմ, ու փաստերի հարյուր տոկոս արժանահավատության պարագայում միայն ենթադրություններս կարող եմ բարձրաձայնել»,- հավելեց փոխոստիկանապետը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Ինչպես երևում է, իշխանության ներսում իրար «միս ուտելու» գործընթացն ակտիվ փուլ է թևակոխում։ Իսկ թե ում է ձեռնտու և ինչ շարժառիթներով է հրապարակ նետվել այս ակնհայտ ապատեղեկատվությունը, շատ շուտով ջրի երես դուրս կգա, քանզի վաղուց ապացուցված ճշմարտություն է` կարճ են ստի ոտքերը։ Մեզ մնում է ընդամենը դառնությամբ փաստել, որ ինչ-ինչ անմաքուր շահերի թիրախ է դառնում իր գործի անթերի գիտակն ու արհեստավարժ զինվորականը, ով երբեք կառչած չի եղել բարձր աթոռից, և այն տխրահռչակ օրերին, երբ Տեր-Պետրոսյանը ՆԳ նախարարի մոտ «նախագահ էր աշխատում», ու վերջինիս ահից շատ «ուժայիններ» «մկան ծակին հազար թուման էին տալիս», Գագիկ Համբարձումյանը շրխկացրել է դուռը Վանոյի քթի տակ` գործազրկությունը գերադասելով իր կոչմանն անհարիր հանձնարարականներից։
«Մանթո՜ եմ, ապե»
Այն, որ «աստղերի դասավորությունը» այս պահին բավականին բարենպաստ է Հայաստանի համար, և միջազգային կառույցները լուրջ ճնշումների գործիքակազմ են կիրառում Ադրբեջանի նկատմամբ, ակնառու է բոլոր մակարդակներում:
Հայաստանյան կողմն էլ իր հերթին, օգտվելով դիվանագիտական հարմար պահից, բավականին ակտիվ, շատ դեպքերում կառուցողական-ագրեսիվ, սակայն խիստ արդարացված քաղաքականություն է իրականացնում:
Հերթական «ռանդևուն» օրերս տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «մատույցներում», որտեղ Ադրբեջանը կրկին պատրաստվում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգ մտցնել իր տարածքային ամբողջականության մասին հայտնի բանաձևը:
Ըստ մեր տեղեկությունների` Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակությանը հաջողվել է բավականին սահուն (անչափ բարձր մակարդակի զրույց-բանակցությունների շնորհիվ) կանխել այդ բանաձևը վեհաժողովի աշնանային օրակարգ մտցնելու հնարավորությունը: «Մանթրաշների» կասկադ ապրող Ադրբեջանի համար սա նոր ապատիայի բավականին ընդարձակ դուռ է բացել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դաշնակցական «կրակոցներ»
Այս ամիս նախատեսված ՀՅԴ ընդհանուր ժողովը քննարկվելու է նախորդ ընդհանուր ժողովից հետո կուսակցության անցած ուղին և մարտավարությունը գալիք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում։ Ըստ մեր աղբյուրների` հայաստանյան պատվիրակների գերակշիռ հատվածը հակված է դեպի Ռոբերտ Քոչարյանը, իսկ սփյուռքի կառույցները դժգոհ են Գերագույն մարմնի վարած ներկա կուրսից և իշխանության մեջ եղած ժամանակահատվածում իրականացրած քաղաքականությունից։
Այնպես որ, սպասվում է լուրջ պայքար դաշնակցության սփյուռքի կառույցների և հայաստանյան նոմենկլատուրայի ներկայացուցիչների միջև, ովքեր եղել են «վերևներում» ու սովորել են քաղցր կյանքին։
Ընդ որում, ներսի արմատական թևը, որը նույնպես դեմ է Քոչարյանին, հույս ունի սփյուռքի կառույցների հակազդեցությամբ ռազմավարական լուրջ փոփոխություններ իրականացնելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Փոխադարձ «գոլային պահերով»
Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները նոր փուլ են թևակոխում։ Ընդդիմության պահանջները կատարված են, իսկ առջևում հերթական, բայց իշխանության համար արդեն անընդունելի «առաջադրանքն» է` արտահերթ ընտրություններ։ Միայն առաջին հայացքից կարող է թվալ, որ սա ընդդիմության անբեկանելի պահանջն է, իրականում, ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, այն մինչև հերթական ընտրություններ ժամանակ շահելու «գործիք» է։ Այս մասին ՀԱԿ-ի «բանագնացներն» ու իշխանության «լիազոր ներկայացուցիչները» շուտով համապատասխան պայմանավորվածություն ձեռք կբերեն։ Ըստ տեղեկությունների` քննարկվելիք հարցերի շրջանակը, թերևս, ամենաքիչը կառնչվի արտահերթ ընտրություններին։ Խնդիրը երկուստեք համակարգային հարցեր լուծելն է, իշխանական բուրգը «բարելավելը»։ Այսինքն, ընդդիմությունը հասկացել է` արտահերթ ընտրություններ «նի՛խտ», ինչը, սակայն, չի խանգարում, որ շարունակեն արտահերթ ընտրություններ պահանջել։ Ի դեպ, կոնգրեսականներն արդեն ընդգծել են, որ իրենց «խաղն են առաջ տանելու»։ Այնպես որ, փոխադարձ «գոլային պահերով» իշխանությունն ու ընդդիմությունը «ընկերական» խաղեր են անցկացնելու։
Միակը
Մոտ մեկ ամիս է` ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված է մրցույթ, բայց տարօրինակն այն է, որ առայսօր որևէ թեկնածու չի դիմել ԿԳ նախարարություն` մասնակցության հայտով: Նախնական տպավորությունն այն է, թե դա արվում է ԵՊՀ գործող ռեկտոր Արամ Սիմոնյանին այդ պաշտոնում վերընտրվելու հնարավորություն տալու համար, մինչդեռ նպատակը բոլորովին այլ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ԵՊՀ ռեկտորի պաշտոնին հավակնող միակ թեկնածուն ՀՀ նախագահի եղբայր, ԵՊՀ հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանն է:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Բա որ մնան «բորդյուրի՞ն»
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ներկոնգրեսական կուլուարներում։ Մեր տեղեկություններով` ՀԱԿ-ի որոշ շրջանակներ անհանգստություն ունեն, որ իրենց քաղաքական կարիերան կարող Է վտանգվել բանտից դուրս եկած որոշ ընկերների կողմից, ասել է` առաջին պլանում կհայտնվեն առավել ակտիվ, հասարակության համար ընդունելի անձինք։ Այս հանգամանքը, մեղմ ասած, ընդունելի չէ արդեն տևական ժամանակ հանրահավաքները «վարած-ցանած» որոշ կոնգրեսականների համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վկաները գազաններն էին
Մայրաքաղաքի գազանանոցի տնօրենությունը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ մեծ անակնկալ մատուցեց երեխաներին և հատկապես ծնողներին` ստեց։ Հունիսի 1-ին մեկ տարեկանից սկսած բոլոր երեխաների մուտքը վճարովի է եղել, իսկ ծնողները մնացել էին զարմացած։ «Էլ ինչո՞ւ էին հայտարարում, թե անվճար է»,- իրար հարցնում էին նրանք։ Բայց նրանցից ոչ ոք, ի նշան բողոքի, այդպես էլ չի պահանջել տնօրենին։ Նրանց դժգոհությունը լսել են միայն գազանները։ Դե, նրանք էլ հո իրենց տնօրենին «խաբարը» չէին հասցնի։ Այն, որ պետական մակարդակով ստում են, վատ է, բայց, կարծում ենք, շատ ավելի վատ է, երբ հասարակությունը նման դեպքերում չի համախմբվում և իր իրավունքը չի պահանջում։ Իսկ լռողը չի շահում։ Շահում է միայն տնօրենությունը, քանի որ անհայտ է մնում, թե այդ գումարները ո՞ւմ բյուջեն են գնալու։
Նոր «բունտարներ»
«Նոր կառույցի` սննդի անվտանգության տեսչության ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, առանց հաշվի առնելու քաղծառայության մասին օրենքով ամրագրված իր աշխատակիցների իրավունքները, աշխատանքային ստաժը, արհեստավարժությունը, ավելի քան 50 հոգու թողել է առանց աշխատանքի»,- ասացին նշված տեսչության արդեն նախկին աշխատակիցները, որոնցից փորձեցինք ճշտել, թե ինչ հիմնավորմամբ են հեռացվել աշխատանքից։ Նկատենք, որ, ի դեմս այս մարդկանց, կառավարության շենքի առջև բողոքողների «բանակը» համալրվեց նոր «բունտարներով»։ Նրանք նշեցին, որ ապրիլի 18-ին իրենց ստորագրել են տվել մի հրաման, ըստ որի` համարվում են պահուստային կադրեր։ «Սակայն մինչ օրս ոչ ոք պահուստում չէ»,- ընդգծեցին նախկին ծառայողները։ Հիշեցնենք, որ սննդի անվտանգության տեսչությունը երեք ամիս առաջ դարձել է ինքնուրույն կառույց և դուրս է բերվել գյուղնախարարության ենթակայությունից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ